Monday 20 May 2019

1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները

Պատերազմի մասնակից գլխավոր երկրների նպատակներն անարդարացի էին և իմպերիալիստական: Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու համագերմանական գաղափարները՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել << Մեծ Գերմանիա>>, զավթել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում: Գերմանացիների կարծիքով՝ այդ բոլորն ի վերջո կհանգեցներ համաշխարհային գերիշխանության:

Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր էր դրել Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ինչպես նաև զավթելու Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերի մի մասը, գերիշխելու Ադրիատիկ, Սև և Էգեյան ծովերում:
Իտալիան ձգտում էր Ավստրո- Հունգարիայից խլելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, զավթելու Ալբանիան, հողեր Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները, գերիշխելու Միջերկրական ծովում: Ծայրահեղ ազգայնամոլները նույնիսկ երազում էին վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի փառքը:
Մեծ Բրիտանիան նպատակ ուներ պահպանելու իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախելու իր գլխավոր մրցակից Գերմանիային: Բացի այդ, նա մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում:
Ֆրանսիան ծրագրել էր ոչ միայն վերադարձնել 1871թ. Գերմանիային զիջած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը: Ֆրանսիան խնդիր էր դրել նաև նվաճելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութներ:
Ռուսաստանը ձգտում էր ջախջախելու Գերմանիային և Ավստրո-Հունգարիային, իր գերիշխանությունը տարածելու բալկանյան երկրներում, մասնատելու Օսմանյան տերությունը, զավթելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը, հասնելու Միջերկրական ծով: Ռուսաստանի ծրագրերի մեջ էր մտնում նաև Ավստրո- Հունգարիայի կազմում գտնվող Գալիցիայի նվաճումը:
Օսմանյան տերությունը խնդիր էր դրել մասնատելու Ռուսաստանը, նրանից զավթելու Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից՝ Իրանական Ատրպատականը: Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը դրանով իսկ մտադիր էին իրագործելու իրենց երազած պանթյուրքական ծրագիրը: Այդ ծրագրի մաս էր կազմում Հայաստանի հայաթափումը և հայերի զանգվածային ոչնչացումը:
Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլելու գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանին:
ԱՄՆ-ն, որ պատերազմի մեջ մտավ ավելի ուշ, ձգտում էր ստանալու տնտեսական օգուտներ, ամրապնդելու իր դիրքերը Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում:
Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշված էին նաև երկրներ, որոնք հետապնդում էին ազատագրական նպատակներ: Այդպիսին էին Սերբիան, Չեռնոգորիան, Հայաստանը և այլ երկրներ:

No comments:

Post a Comment