Thursday 25 April 2019

Արտագրե՛լ և կետադրե՛լ։


ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն ՝ բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում

գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը, կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա, աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Տերյան Դժկամ նայում են ժայռերը խոժոռ, Տխուր խաղում են ալիքները ժիր. — Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,— Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։ Սողում են դանդաղ օրերը անծիր, Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.— Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր, Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։ Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր, Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր, Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։ Դժկամ նայում են ժայռերը խոժոռ. Տխուր խաղում են ալիքները ժիր. Փայփայիր սիրտըս հավետ մենավոր, Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր… 1905 Դժկամ- չկամ, չկամեցող, չարակամ, անկամորդ Խոժոռ-Մռայլ հայացք՝ դեմք՝ նայվածք ունեցող, խստադեմ, խոժոռադեմ:  Ժիր-կայտառ, կենսախինդ Անծիր-անսահման Թախիծ-տխրություն, տրտմություն Ամոք-մեղմ, հանգիստ, խաղաղ Հոգեմաշ- տառապալից, հոգին մաշող Հուր- կրակ Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց, Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների. Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց, Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։ Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել, Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին, — Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել, — Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։ Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին, Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ, — Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին, — Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ… Պաղ- սառը Ոսոխ- հակառակորդ, թշնամի Զվարթ-ուրախ Դահիճ- անողոք մարդասպան Խոհ- հոգս, մտահոգություն Նենգամիտ- նենգ, չար մտքեր ունեցող Անգութ- անագորույն, անխիղճ Որոնել-փնտրել Նոցա- նա դերանվան գրաբար տարբերակ Տենդ- դողէրոցք  

No comments:

Post a Comment