Հուշեր Շիրազի մասին
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար։
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը՝ պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։
1930 թվականին պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։
1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։
Մահացել է Երևանում 1984 թվականի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Անհատականություն
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ու
շ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչըպոեմներ են նվիրել Շիրազին։
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն ԱղաբաբյանըՇիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։
Կենսագրություն ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան): Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990թվականին։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկննէր։ Նրանց տղան՝ Արա Շիրազըքանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանիմարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։
No comments:
Post a Comment