Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։
1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում է այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Յարալէզներուն դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։
Ֆրանսերեն գրել է բանաստեղծություններ՝ Արմեն Լյուբենստորագրությամբ, 1956 թվականից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը[2]։
No comments:
Post a Comment