Monday, 4 March 2019

Ցեղասպանություն







  Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ.
Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:


Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները, բռնագաղթն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը

Հայոց ցեղասպանությունը. Ինչու՞ իրագործվեց Եղեռնը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը:
Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում:
Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: 1908թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին:
Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ:

No comments:

Post a Comment