Monday, 20 May 2019

Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները

Հանուն համաշխարհային պաշարների արդյունավետ օգտագործման՝ ընդլայնվեց տնտեսական համագործակցությունը արդյունաբերական ազգերի միջև: Զարգացման այս դրական միտումը հետզհետե հակասական ընթացք էր ստանում: Բացի այդ եվրոպական ազգերի մոտ մեծապետական գաղափարախոսության հիմնարար դրույթ դարձավ հետամնաց ազգերի նկատմամբ սեփական գերազանցության համոզմունքը: Հակասություններով լեցուն էին նաև զարգացած երկրների հարաբերությունները:
19-րդ դարի 60-ական թթ-ին փլուզվեց Վիեննայի վեհաժողովի հաստատած <<ուժերի հավասարակշռությունը>>: Ազգային նոր պետությունների առաջացումն ստեղծեց նոր աշխարհաքաղաքականության իրավիճակ: Եվ դրա գլխավոր փաստարկները դարձան երկրի աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդման, կենսական տարածքներ գրավելու անհրաժեշտությունը: Ակնհայտ էր, որ եվրոպական տերությունները ոչ միայն ձգտում էին նվաճելու հետամնաց երկրներ, այլև միայնակ տիրելու աշխարհին: Այդ իսկ պատճառով արդյունաբերական երկրների միջև սկսվեց տենդագին մրցավազք: 1883-1903թթ-ին եվրոպական պետություններում ռազմական ծախսերն աճեցին 200%-ով, իսկ զինվորների քանակը՝ 25%-ով: Եվրոպայում հակասություններն աստիճանաբար խորանում էին՝ մի կողմից նորաստեղծ Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստո-Հունգարիայի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև: Ֆրանսիան չէր հաշտվում ֆրանս-պրուսական պատերազմում կրած պարտության և Էլզասի ու Լոթարինգիայի կորստյան հետ: Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկը ձգտում էր մեկ անգամ ևս ջախջախել թուլացած Ֆրանսիան: Ռուսաստանը դեմ էր դրան, քանի որ չէր ցանկանում հզոր տերություն ունենալ իր հարևանությամբ: Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր ազդեցությունը տարածելու բալկանյան երկրներում, որին խոչընդոտում էր Ռուսաստանը: Հյուսիսային Աֆրիկայում հակասություններ առաջացան նաև Ֆրանսիայի և Իտալիայի միջև: Ֆրանսիայի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության ձախողումից հետո Օ. Բիսմարկը 1879-1882թթ-ին ստեղծեց հզոր ռազմաքաղաքական Եռյակ դաշինք՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ:
Ռուսաստանի և Ֆրանսիայի համար պարզ դարձավ, որ Եվրոպայում իրենց գլխավոր հակառակորդը Գերմանական կայսրութունն է: Ուստի նրանց միջև ավելի վաղ սկսված մերձեցումը 1891-1893թթ-ին ավարտվեց ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ: Այս ամենը, ինչպես նաև գաղութային նվաճումների ընդլայնումն ավելի սրեցին լարվածությունը: Մեծ Բրիտանիան, որ մինչ այդ վարում էր <<փայլուն մեկուսացման>> քաղաքականություն, վախենալով Գերմանիայի հզորացումից և իր գաղութները կորցնելու հեռանկարից, նույնպես դաշնակիցներ էր փնտրում: Դա հանգեցրեց երկու դարավոր հակառակորդների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մերձեցմանը: Արդյունքում հարթվեցին բոլոր տարաձայնությունները, և նրանք եկան <<սրտագին համաձայնության>> (ֆրանսերեն՝ Entente cordiale, կրճատ՝ Անտանտ): Անտանտին միացավ նաև Ռուսաստանը, որով համաձայնությունը դարձավ եռակողմ: Այսպիսով Եվրոպայում առաջացան երկու ռազմաքաղաքական դաշինքները՝ Եռյակ դաշինքն ու Եռյակ միությունը կամ Անտանտը:
Մասնակից երկրներն էին՝ Գերմանիան, Ավստո-Հունգարիան, Իտալիան (Եռյակ դաշինք), Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը (Եռյակ միություն կամ Անտանտ):

No comments:

Post a Comment