Անդրկովկասում ապաստան գտած 300 հազար արևմտահայ գաղթականները, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։
1917թ․ մայիսի 2-ից 11-ը Երևանում կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի՝ փախստականներին օգնելու, հայրենիքում արևմտահայերի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, Ռուսաստանում եղած արևմտահայ մոտ 3500 ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մարզերի տնտեսության վերաբերյալ ։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (կոմս), իսկ պատվավոր նախագահ՝ Անդրանիկը։
Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում կարճ ժամանակ անց ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները։
1917 թ․ հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ։ Աշնան վերջերին հայկական մարզերում մոտ 300 հազար հայ բնակչություն կար։ Հայերից կազմակերպվում էին ժողովրդական խմբեր, որոնց թվաքանակն աստիճանաբար աճում էր՝ հուսալի հենարան դառնալով Հայաստանի վերականգնման նվիրական գործի համար։
Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ-ի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, Անդրկովկասում ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատման մասին և այլն։
Ըստ համաժողովրդակցության որոշման՝ ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով, որն իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն․ Աղբալյանը։ Ազգային խորհրդի կազմը բազմակուսակցական էր, կային նաև անկուսակցականներ։ Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի գործունեությունը։ Հայոց ազգայինխորհրդի նստավայրը Թիֆլիսն էր։
Հայոց ազգային խորհրդին բախտ էր վիճակված դառնալու հայության գործնական կյանքը տնօրինող մի կազմակերպություն, որի հիման վրա հետագայում ձևավորվեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմինները։
No comments:
Post a Comment