Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։
Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։
12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։
Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։
Երբ հասավ հայոց 465 թվականը (17 մարտ 1016-16 մարտ 1017) աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց սուրբ երրորդությունը պաշտողներին... Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին: Փորձանքի լուրը հասավ Սենեքերիմ թագավորին: Նրա ավագ որդի Դավիթը, հավաքելով ազատների զորքը, հարձակվեց թուրքերի ճամբարի վրա: Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ: Մինչև այն ժամանակ ոչ ոք չէր տեսել թուրքական հեծելազոր. հանդիպելով տեսան նրանց տարօրինակ արտաքինը. նրանք աղեղնավորներ էին, կանանց նման հերարձակ |
Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը: Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա... |
Նրանք ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետև նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր և ահաբեկում |
1047 թվականին սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց։ Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց։ Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից։
Գրավելով Հայաստանը, հոռոմները դադարեցրին ամեն տեսակի պայքարը հայոց դեմ, բայց այս անգամ էլ ձեռնարկեցին նրանց դեմ այլ պատերազմ մղել. նրանք սկսեցին հայերին հավատաքննության ենթարկել: Նրանք ատեցին պատերազմական գործը, բայց Աստծո եկեղեցու մեջ կռիվ ու տակնուվրայություն հաստատեցին: Նրանք խուսափում են սելջուկների դեմ կռվելուց, բայց աշխատում են բոլոր իսկական քրիստոնյաներին դավանափոխ անել. հանդիպած քաջ ու հզոր մարդու աչքի լույսն են խավարեցնում կամ ծովը գցում և ջրահեղձ անում: Նրանց նպատակն էր հայոց բոլոր իշխաններին ու քաջ զինվորականներին Արևելքից հանել բերել հույների մեջ բնակեցնել |
No comments:
Post a Comment