Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։
Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։
Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։
Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։
Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։
Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։
Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։
Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։
Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։
Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։
Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։
Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։
No comments:
Post a Comment